Մարտի 13-ին սկսվեց Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Հովիկ Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
«Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների զարգացման վերջին 10 տարիների ընթացքում իմ գլխավորած պատվիրակության այցը Լոնդոն երկրորդն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Լոնդոն 2010թ. փետրվարին: Այս այցերը վկայում են հայկական կողմի պատրաստակամության մասին էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ որպես միջազգային ասպարեզում կարևոր դերակատարի: Ես ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և իմ առաքելությունն եմ տեսնում միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման միջոցով նպաստել միջպետական հարաբերությունների զարգացմանը, ինչի համար գոյություն ունի զգալի ներուժ: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներին: Արդեն իսկ ձևավորված մշակութային հարուստ օրակարգը և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը պետք է լրացուցիչ լծակ հանդիսանան ակտիվ փոխայցելությունների և կառուցողական քայլեր նախաձեռնելու համար»-ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է միջազգային ատյաններում ստանձնած իր պարտավորությունների կատարմանը եւ այսօր Հայաստանի քաղաքական թիմը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դրսևորում է քաղաքական կամք և սկզբունքայնություն մեր երկրի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների իրականացման գործում: «Հայաստանն այսօր իր անկախությունը պաշտպանելու ի զորու պետություն է և հուսալի գործընկեր միջազգային ասպարեզում»- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ այդ գործընթացը որակական նոր փուլ է թեւակոխել` Եվրամիության հետ մեկնարկելով ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:





