AM
15 Մարտ 2011 - 12:54 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքների մասին զեկույցը

ԵԱՀԿ ՄԽ-ն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքների մասին զեկույցը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Բաքվից Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Հայաստան: «ԵԱՀԿ ՄԽ-ն որոշել է չհրապարակել փաստահավաք առաքելության զեկույցը, քանի դեռ բոլոր կողմերը չեն ծանոթացել զեկույցի բովանդակությանը: Դեռևս զեկույցը փոխանցվել է միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այն բանից հետո, երբ մյուս կողմը ևս ծանոթանա զեկույցին, համանախագահներն ու կողմերը կքննարկեն զեկույցը հաջորդ հանդիպմանը»,-ասել է Ֆասիեն:

Համանախագահները նաև քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեթոդները: «Հենց որ մենք տեղեկացանք երեխայի հետ կապված միջադեպին, մենք հանդես եկանք մամլո հաղորդագրությամբ և մեր հետաքննությունն արդեն իսկ սկսվել է: Հետքննությամբ զբաղվում է հատուկ ներկայացուցիչ Կասպրշիկը իր թիմով»,-ասել է Ֆասիեն:

Մարտի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, թե «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանցի երեխա է սպանվել»: Ըդն որում, նույն ադրբեջանական ԶԼՄ-ները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել, թե ով է իրականում սպանվել. 8-ամյա տղա թե Օրթա-Քարվենդ գյուղի բնակիչ 10-ամյա Ֆարիդ Բադալովը: Հայկական և ղարաբաղյան կողմերը կտրականապես հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների կեղծիքը:

ԵԱՀԿ գնահատման առաքելությունն այցելել է Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքներ 2010թ. հոկտեմբերին: