AM
16 Մարտ 2011 - 13:01 AMT

Արցախը զգուշացնում է. Ստեփանակերտի օդանավակայանի դեմ ցանկացած ոտնձգություն հղի է Բաքվի համար անկանխատեսելի հետևանքներով

Ադրբեջանին չի հաջողվի ահաբեկել Ղարաբաղին ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում միջնադարի մթնոլորտ է տիրում: Նման հայտարարությունների հեղինակները ոչ միայն անհավասարակշռված մարդիկ են, այլ առնվազն նացիստական գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ»,-ասել է Բաբայանը:

Ըստ նրա, միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա պաշտոնական Բաքվի նման հայտարարություններին, որոնք բացահայտ քրեական տարրեր են պարունակում:

Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ սպառնալիքներով Ադրբեջանը փորձում է ահաբեկել արցախցիներին ու վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները չօգտվեն օդանավակայանից: «Մենք վճռական ենք Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում և ոինչ մեզ չի խանգարի դա իրականացնել: Մենք կօգտագործենք Արցախի օդային տարածքը անկախ նրանից դա դուր է գալիս Ադրբեջանին, թե ոչ: Իսկ եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետևանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի համար»,-ասել է Բաբայանը:

Պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե «ոչնչացնելու է Ստեփանակերտի մայիսին բացվող օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO:

ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման պետ Դմիտրի Ադաշյանը: «Առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը չվերթներ կիրականացնի միայն դեպի Երևան: Տերմինալն ամբողջովին պատրաստ է, օդանավակայանը հագեցած է արդիական տեխնիկայով»,-ասել է նա: