Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սայիֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ Բենգազի քաղաքը, որը համարվում է ապստամբների ուժերի գլխավոր հենարանը, իր հոր զորքերի կողմից կգրավվի մոտակա 48 ժամվա ընթացքում: Այդ մասին կրտսեր Քադաֆին հայտարարել է ֆրանսիական Euronews հեռուստաալիքի եթերում: Սայիֆ ալ-Իսլամն ընդգծել է, որ զորքերը «գրեթե» Բենգազիում են, և որ ռազմական օպերացիան կարելի է ավարտված համարել:
Մուամար Քադաֆին ինքը ֆրանսիական Le Figaro թերթում մարտի 17-ին հրապարակված հարցազրույցում, հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել ընդդիմությա հետ:: Լիբիական առաջնորդի խոսքով, դա նույնն է, ինչ խոսել «Ալ-Կայիդայի» ահաբեկիչների հետ: Նա նաև վստահություն է հայտնել, որ ընդդիմության առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլն ու նրա համախոհները, «անկասկած, Եգիպտոս են փախչում»:
Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմվել է Լիբիայի վերաբերյալ բանաձևի տեքստը: Այն քվեարկության կառաջադրվի մարտի 17-ին, հաղորդում է Lenta.ru-ն:





