Մարտի 17-ին Բելգիայում Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի նախագահ Անդրե Ֆլայոյի հետ: «Բազմակողմ հարաբերություններում հաջողության հասնելու համար, այդ թվում` Եվրոպայում, շատ կարևոր է, որ որպես նախադեպեր լինեն հաջողված երկկողմ հարաբերություններ երկու պետությունների միջև»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Բրյուսելում ունեցած հանդիպումից հետո նշեց Բելգիայի խորհրդարանի նախագահ Անդրե Ֆլայոն:
Այս առումով նա մեծապես կարևորեց ՀՀ վարչապետի այցը Բելգիայի Թագավորություն, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, մասնավորապես, խորհրդարանների միջև հարաբերությունների սերտացման հեռանկարը: Ա. Ֆլայոն առաջարկել է դեսպանի միջոցով նախապատրաստել առավել հաճախակի և սերտ շփումներ միջխորհրդարանական համագործակցության խմբի մակարդակով: «Հաշվի առնելով սերտ համագործակցությունը և երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները` հնարավոր է, որ նաև Եվրոպայի հետ հարաբերություններում Բելգիան սատարի Հայաստանին»,- հավելեց նա:
Ամփոփելով եռօրյա աշխատանքային այցի արդյունքները` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ եվրոպական գործընկերները սատարում են բարեփոխումների հայաստանյան ծրագրին և այդ առումով, արձանագրվել է, որ տեխնիկական, ֆինանսական օժանդակությունը, որ խոստացվել էր Հայաստանին, տրվելու է ամբողջ ծավալով: Դա, կառավարությանն ղեկավարի գնահատմամբ, շատ կարևոր է մեր երկրի համար:
«Մենք արդեն սկսել ենք քննարկել նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, կենտրոնացել ենք մաքսային, հարկային վարչարարության բարելավման խնդիրների վրա և այստեղ ուզում ենք պիլոտային ծրագիր իրականացնել: Այդպիսի փորձ ԵՄ-ն ունի այլ երկրների հետ. մենք սկսել ենք բանակցությունները, որ այդ նախագիծն իրականացվի նաև Հայաստանում»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետը: Նրա ներկայացմամբ` մի կողմից` դա ենթադրում է լրացուցիչ տեխնիկական օժանդակություն, մյուս կողմից` նաև ֆինանսական բուֆերային հիմնադրամի ստեղծում:
Վերջինս կկարողանա ծածկել այն ռիսկերը, որոնք հնարավոր է առաջանան այդ բարեփոխումների արդյունքում, և ինչն էլ կապահովի մակրոտնտեսական կայունություն:
«Միևնույն ժամանակ, քաղաքական, տնտեսական, ժողովրդավարացմանն ուղղված ծագրերի իրականացման առումով մտադիր ենք նոր թափ հաղորդել բարեփոխումներին Հայաստանում: Այդ առումով ստացել ենք լիակատար աջակցություն մեր եվրոպական գործընկերների կողմից»,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով` չափազանց կարևոր էր, որ բոլոր մակարդակներում ներկայացվեցին այն խնդիրները, որոնք առաջացել էին ճգնաժամի հետևանքով և որոնք բավականին լուրջ հարված հասցրեցին Հայաստանի տնտեսությանը 2009 թվականին: Այսօր անհրաժեշտություն կա անդրադառնալ այդ պատճառով ի հայտ եկած խնդիրներին, և նախանշված ծրագրերը նոր թափով սկսել իրականացնել, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:





