Մարտի 16-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանն այցելեց ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատուն: Դեսպան Օ.Եսայանը, ՀՀ անունից ցավակցություն հայտնելով աղետալի դեպքերի կապակցությամբ, Ճապոնիայի դեսպան Մասախարու Կոնոյին հանձնեց ՀՀ վարչապետի եւ Արտաքին գործերի նախարարի ցավակցական նամակները:
Իր խոսքում դեսպան Օ.Եսայանը, հիշատակելով 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը, նշեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը լավ գիտեն աղետալի երկրաշարժի արհավիրքն ու կարեկցում են Ճապոնիայի ժողովրդին:
Դեսպան Օ.Եսայանը Մասախարու Կոնոյի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն, ինչպես արդեն տեղեկացվել է ՄԱԿ-ի համապատասխան խողովակներով, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 23 հոգուց բաղկացած փորձառու փրկարարական ջոկատի օգնությամբ հայտնում է իր պատրաստակամությունը աղետի գոտում մասնակցելու փրկարարական աշխատանքներին եւ սպասում է ճապոնական կողմի համաձայնությանը:
Ճապոնիայի դեսպան Մասախարու Կոնոն իր հերթին շնորհակալություն հայտնեց Օ.Եսայանին՝ նման դժվարին իրավիճակում բարեկամ Ճապոնիային սատարելու եւ գոտեպնդելու համար: Ըստ նրա՝ Ճապոնիան ցնցված է աղետի հասցրած հետեւանքներից, քանի որ ստեղծված իրավիճակն առաջինն է Երկրորդ աշխարհամարտից հետո:
Ճապոնիայի դիվանագետը, կարեւորելով բարեկամ երկրների պատրաստակամությունը Ճապոնիայի ժողովրդին աջակցելու հարցում, հավելեց, որ, այդուհանդերձ, երկրի կառավարությունը հարկադրված է եղել հրաժարվել շատ երկրների օգնությունից՝ հաշվի առնելով մի շարք տեխնիկական խոչընդոտները, որոնք սովորաբար օտարերկրյա փրկարարական ջոկատները հանդիպում են աղետի իրավիճակում:
Սակայն հաշվի առնելով ՀՀ բարձր մակարդակի առաջարկությունը՝ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանն իր խոսքում վստահեցրեց, որ կփոխանցի ՀՀ ցավակցական նամակները Տոկիոյի իշխանություններին, եւ համապատասխան կարգով երկրի ղեկավարությունը կարձագանքի ՀՀ եղբայրական առաջարկին:
Մասախարու Կոնոն ընդգծեց նաեւ, որ երկրի ղեկավարությունը այս իրավիճակում իր ուժերի ներածին չափով անում է հնարավորը՝ ատոմային պայթյունի վտանգը կասեցնելու եւ ռադիոճառագայթումից բնակչությանը զերծ պահելու համար. ՄԱԳԱՏԷ-ի առաջատար մասնագետներն ակտիվ ներգրավված են երկրում ընթացող բոլոր աշխատանքներին:
Ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով մի քանի հազարից ավելի զոհեր կան, անհետ կորածների թիվը գերազանցում է տասնյակ հազարները, իսկ 500 հազար մարդ փախստականի կարգավիճակում է հայտնվել: Ըստ Ճապոնիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի՝ նման փորձություններին դիմակայելու հարցում միջազգային հանրության դերը եւ յուրաքանչյուր պետության աջակցությունը Հայաստանի օրինակով կօգնի Ճապոնիայի ժողովրդին՝ հաղթահարելու աղետն ու վերականգնելու երկրի բնականոն կյանքը:
Եվս մեկ անգամ ընգծելով բարեկամ Հայաստանի պատրաստակամության կարեւորությունը Ճապոնիային աջակցելու հարցում դեսպան Մասախարու Կոնոն կարեւորեց ՀՀ եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հույս հայտնեց, որ աղետը հաղթահարելուց հետո Ճապոնիայի ղեկավարությունը մեծ ցանկությամբ կհյուրընկալի ՀՀ նախագահին:
Հանդիպման ավարտից հետո դեսպան Օ.Եսայանը ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան ցավակցությունների մատյանում թողեց իր ցավակցական գրառումը:





