AM
18 Մարտ 2011 - 11:19 AMT

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովին

Մոսկվայում այսօր կայացավ «Քսան տարի միասին. համագործակցության փորձ եւ հեռանկարներ» ԱՊՀ պետությունների միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցեց նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետը հանդես եկավ ելույթով: Լիագումար նիստում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվեցին «Մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից- պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի», «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» պայմանագրի նախագծերը: Ներկայացվեցին նաեւ 2011թ-ին ԱՊՀ-ում նախագահող Տաջիկստանի նոր նախաձեռնությունները, ինչպես նաեւ 2010թ-ին կառույցը ղեկավարած Ռուսաստանի հաշվետու զեկույցը:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաեւ համաժողովի շրջանակում անցկացված կլոր սեղաններին, որոնք նվիրված էին տնտեսության տարբեր ոլորտներում գործակցության հարցերին: «ԱՊՀ-ում գործարար մթնոլորտի զարգացում. հնարավորությունների ներկայացում» թեմայով երկխոսություն-քննարկման ժամանակ համաժողովի մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու հեռանկարային նախագծերին, մտքեր փոխանակելու գործարար համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ, հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: