AM
18 Մարտ 2011 - 12:35 AMT

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» թեմայով լսումներ են տեղի ունեցել Բեռնում

Մարտի 16-ին Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի նախաձեռնությամբ Բեռն քաղաքում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» թեմայով, որին իրենց մասնակցությունն էին բերել միջազգային մի խումբ հայտնի փորձագետներ Գերմանիայից և Ֆրանսիայից, տեղեկացնում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը:

Խորհրդարանական լսումների մասնակիցները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դոկտոր Տեսսա Հոֆմանի (Բեռլին) «Հակամարտության ժամանակագրությունը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր», դոկտոր Ժերար Գերգերյանի (Փարիզ) «Տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավունքի հասկացությունները միջազգային իրավունքում», դոկտոր-պրոֆեսոր Օտտո Լուկտերհանդի (Բեռլին) «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը» և դոկտոր Ժուլիեն Զարիֆյանի (Փարիզ ) «Լեռնային Ղարաբաղի ապագան. հնարավոր զարգացումներ և նրանց աշխարհաքաղաքական հետևանքները» թեմատիկ ելույթները:

Խորհրդարանական լսումներին ներկա են եղել Շվեյցարիայի Դաշնային Ժողովի մի շարք պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Փրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյան:

Շվեյցարիա – Հայաստան պատգամավորական խմբի նախաձեռնությամբ փորձագետների ելույթները կհրատարակվեն գրքույկի տեսքով, ուր կզետեղվեն նաև քարտեզներ և ԼՂՀ առօրյան պատկերող լուսանկարներ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: