AM
18 Մարտ 2011 - 12:58 AMT

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չեն մոտենում պատերազմի, վստահ է վրաց փորձագետը

Վերջին իրադարձությունները վկայում են, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը դեպի պատերազմ չեն գնում, հայտարարել է վրաց քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: «Ինձ դա ոգևորում է: Չեմ կարծում, թե հնարավոր է հակամարտության ռազմական լուծում»,-ասել է նա: Ըստ փորձագետի, սպառնալիքներ կհնչեն, լարվածությունը կաճի, սակայն արդյունքում լարվածությունը կթուլանա բանակցությունների հաշվին: «Եվ երկրներից յուրաքանչյուրը տպավորություն կունենա, որ դա դեպի կարգավորում քայլ է, սակայն, ոչ վերջնական լուծում: Հակամարտության վերջնական լուծումը դեռ երկար կձգձգվի»,-ասել է փորձագետը Day.Azին տված հարցազրույցում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: