Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին բացվում է «Այբ» ավագ դպրոցը: Ուսուցումը դպրոցում հոսքային է՝ «Հումանիտար գիտություններ», «Գործարարություն և տնտեսագիտություն», «Մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Բնագիտություն» հոսքերում: Դասավանդման լեզուն հայերենն է: Ուսուցումը կրեդիտային համակարգով է: Ուսումնական ծրագիրը ներառում է պարտադիր, ընտրովի և նախասիրական առարկաներ, և յուրաքանչյուր աշակերտ ինքն է ձևավորում իր վերջնական ծրագիրը:
«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել 9-րդ և 10-րդ դասարանցիները: Ընդունելությունը քննություններով է, որոնք կանցկացվեն ապրիլի վերջին: Դպրոցն այս տարի ընդունում է մինչև 100 աշակերտի:
Հատուկ «Այբ» ավագ դպրոցի դիմորդների և նրանց ծնողների համար «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է բաց դռների օրերի շարք, որտեղ հիմնադրամի մասնագետները ներկայացնում են դպրոցի ծրագիրը և պատասխանում ներկաների հանցերին:
Մարտի 22-ից մինչև ապրիլի 16-ը հատուկ «Այբ» դպրոցի դիմորդների համար կազմակերպվում են նաև մինի-դասեր, որոնց նպատակն է ծանոթացնել աշակերտներին քննական թեմաներին և խնդիրներին, ասվում է դպրոցի մամլո հաղորդագրության մեջ:
«Այբ» դպրոցը առաջին հայկական դպրոցական ավանն է, որտեղ համադրվում են Մեսրոպյան դպրության լավագույն ավանդույթներն ու կրթական ժամանակակից տեխնոլոգիաները: «Այբ» դպրոցը ձգտում է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը, դպրոց, որը՝ իր հոգևոր, մշակութային, մտավոր և սոցիալական չափումներով հանդերձ, դառնալու է «Հայկական դպրոցի» բրենդը:
«Այբ» դպրոցը զբաղեցնելու է Երևանի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածք: Դպրոցը նախատեսված է 810 աշակերտի համար և ունի եռաստիճան համակարգ` տարրական, միջին և ավագ դպրոցներ: «Այբ» դպրոցի մյուս բաղադրիչներն են մեդիա արվեստների կենտրոնը, գործարար կենտրոնը, եկեղեցին, մանկապարտեզը, բնակելի համալիրը և հանրային այգիները:





