AM
19 Մարտ 2011 - 12:53 AMT

Հունաստանը կտրականապես դեմ է Թուրքիայում ԱԷԿ շինարարությանը

Հունաստանը դիմել է Թուրքիային` խնդրելով դադարեցնել երկրում ատոմային էլեկտրակայանների շինարարության ծրագիրը: Ինչպես հաղորդել են հունական իշխանությունների ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել է Ճապոնիայում ստեղծված իրավիճակի ֆոնի վրա: Նրանք նշել են, որ Եվրամիությունը պետք է միջամտի և ազդի Անկարայի` երկրի հարավում ԱԷԿ կառուցելու որոշման վրա և դրանով կանխարգելի «աղետն իր շեմին»:

Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուսը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին` այդ որոշման դեմ բողոքելու համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

2011-ի մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ Թուրքիան ակնկալում է 2011-ի ապրիլ-մայիսին «Ակույու» ԱԷԿ-ի հիմնարկեք: Նա նշել է, որ նախագծի հեղինակները բախվել են որոշակի դիմադրության հետ բնապահպանական կազմակերպությունների կողմից: «Բայց մենք հավատում ենք, որ համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում մենք կիրագործենք այդ նախագիծը»,- ասել է թուրք վարչապետը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Էրդողանի հետ տված մամլո ասուլիսում հայտարարել է, որ «Ակույո» ԱԷԿ-ն անվտանգ է լինելու:

Ռուսաստանը Թուրքիայի հետ ԱԷԿ շինարարության մասին համաձայնագիր է կնքել 2010-ի մայիսի 12-ին: