AM
21 Մարտ 2011 - 08:56 AMT

Բարաք Օբաման հեղափոխության է կոչ անում պարսիկներին ՙ

Իրանի կառավարությունը վերջին երկու տարում վարում է սեփական ժողովրդի ահաբեկման և նրա կամքի արտահայտումը ճնշելու քաղաքականություն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նովրուզի կապակցությամբ իր տեսաուղերձում: Նա հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների նման իրադարձություններ եղան նաև Իրանում՝ 2009-ի հունիսին: «Մինչ օրս Իրանի կառավարությունը պատասխանում է դրան՝ ցուցադրելով որ առավելապես մտահոգված է սեփական իշխանությունը պահպանելու հարցով: Հարյուրավոր մարդիկ կալանավորվել են, անմեղ մարդիկ անհետանում են, լրագրողներին ստիպում են լռել: Այնուամենայնիվ, Իրանի ապագան վախով չէ որ պետք կանխորոշվի: Իրանի ապագան պատկանում է երիտասարդներին, որոնք իրենք են ընտրելու իրենց ապագան: Իրանի բնակչության շուրջ 60 տոկոսը ծնվել է 1979թ. հետո: Այդ իրանցիները կապված չեն անցյալի հետ»,-գտնում է ԱՄՆ նախագահը:

Օբաման կոչ է արել Իրանի երիտասարդությանը հասնել նրան, որ իրենց երկիրը համապատասխանի իրենց ձգտումներին: «Ձեր կայացրած որոշումները կձևավորեն Իրանի ապագան: Անկախ նրանից, որ ժամանակները կարող են մութ թվալ, իմացեք, որ ես ձեր հետ եմ»,-ասել է ԱՄՆ նախագահը: