AM
21 Մարտ 2011 - 11:29 AMT

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիբիրի հայ համայնքի հետ

Մարտի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն աշխատանքային այցով ժամանել է Նովոսիբիրսկ: Դեսպանի այցը մեկնարկել է Փառքի հուշակոթողի եւ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ ծաղիկներ դնելու արարողությամբ: Այնուհետեւ դեսպանը հանդիպել է Նովոսիբիրսկի եւ Սիբիրի դաշնային երկրամասի հայ համայնքի հետ: Մատնանշվել են Սիբիրի դաշնային երկրամասում ՀՀ քաղաքացիների՝ հյուպատոսական ծառայությունից օգտվելու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:

Մարտի 21-ին ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Նովոսիբիրսկի երկրամասի գուբերնատոր Վ.Յուրչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նովոսիբիրսկի երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ տարածաշրջանային համագործակցության մի շարք հարցեր: Ինչպես նշել է դեսպանը, փոխադարձ կապերի ամրապնդման շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել ներդրումային եւ գիտական նախագծեր, համատեղ ձեռնարկատիրական եւ հումանիտար ուղղվածությամբ ծրագրեր: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու համակողմանի համագործակցության զարգացմանը Նովոսիբիրսկի երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ:

Նույն օրը ՀՀ դեսպանը համանման հարցերի օրակարգով հանդիպել է նաեւ Նովոսիբիրսկում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Պսարիովի հետ:

Նովոսիբիրսկում դեսպան Օ.Եսայանը դասախոսությամբ հանդես է եկել Սիբիրի միջազգային հարաբերությունների եւ տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտում:

Դասախոսության ընթացքում ՀՀ դեսպանը, խոսելով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել է ՀՀ տեսլականը ռուս-հայկական ռազմավարական համագործակցության տեսանկյունից: Մանրամասնորեն ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը բազմապիսի միջազգային հիմնախնդիրների շուրջ՝ Օ.Եսայանը առանձնակի անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում ՀՀ դիրքորոշման առաջնություններին,- հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունը: