AM
22 Մարտ 2011 - 08:27 AMT

Ջեմմա Բաղդադյան. Թուրքիայի մեկդարյա ոճրի անպատժելիությունը «քողարկվում է» գերտերությունների ինքնախաբեության շղարշով

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքական, հոգեբանական դիվերսիոն գրոհները հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթում էլ ավելի են հաճախանալու: Այդ մասին իր հոդվածում նշում է «Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր Ջեմմա Բաղդադյանը: «Ընտրելով «ինքնաարդարացման» տեղեկատվական պատերազմի ճանապարհը` անկախ արդյունքից, նրանք գրոհելու են այնքան ժամանակ, քանի դեռ անպատիժ են մնում: Թուրքիայի մեկդարյա մեղսակցության անպատժելիությունը «քողարկվում է» գերտերությունների ինքնախաբեության շղարշի ներքո»,- նշում է նա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Ջեմմա Բաղդադյանը նկատել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման շուրջ քաղաքագետների տարաբնույթ կարծիք-վերլուծությունների, ազերիների կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքի պակաս այս անգամ ևս չզգացվեց: «Չնայած ԵԱՀԿ դիտորդներն ու հանձնակատարները Հարավային Կովկասը դարձրել են իրենց «երկրորդ» հայրենիքը, տարածաշրջանը շարունակում է մնալ «նիրհած» հակամարտությունների խառնարան` ցանկացած պահի ժայթքելու պատրաստ»,- ընդգծել է նա:

«Մինչ մեր հասարակությունը հետևում է միջազգային ու ներքաղաքական զարգացումներին, Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի են ունենում թուրք-ադրբեջանական, արևմտա-եվրոպական քաղաքական և հոգեբանական դիվերսիոն հարձակումներ` ուղղված հայ ժողովրդի դեմ:

Դրանց պետք է ժամանակին արձագանքել և հակազդել: Այդ հակահայ դիվերսիոն գործողությունները, լինեն` քաղաքական, հոգեբանական թե ռազմական, մեզ ստիպում են սթափ լինել և արագ արձագանքել` կանխարգելով ցանկացած ոտնձգություն` ուղղված հայ ժողովրդին, Հայոց պետականությանը, հայ մշակույթին»,- շեշտել է «Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիրը: