AM
22 Մարտ 2011 - 09:17 AMT

Հայաստանն ու Արցախը մասնակցեցին LA Times Travel & Adventure Show-ին

Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքում ցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանում էին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվում էին տեղեկատվական գրքույկներ:

LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշեց, որ, ինչպես անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:

Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ ունեցան «Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ» եւ «Զվարթնոց» պարային համույթների սաները: