Մարտի 23-ին Հայաստան է ժամանել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ:
Բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների, փոխարտգործնախարարի հետ:
Մարտի 24-ին Անդրեյ Կոնդակովը Հայաստանի բանկային և գործարար շրջանակների համար կներկայացնի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ռազմավարությունն առաջիկա տարիների համար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից` որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%:
Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով: Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծեր` 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:
Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 և առևտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առևտրային վարկեր) 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը և առևտրի ֆինանսավորմանը, իսկ արտադրական և առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերը` բիզնեսի ընդլայնմանը և վերակառուցմանը:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Հայաստանի գծով կառավարիչն է, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` Հայաստանի գծով տնօրենը:





