ՀՀ Շիրակի մարզի ԱԱԾ վարչությունում ավարտվել է պոլիկլինիկայի գործադիր տնօրենի կողմից կաշռք ստանալու, յուրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որր 2010թ. սեպտեմբերի 29-ին «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Տ. Փանոսյանը նույն պոլիկլինիկայի բուժքույր Զ. Վարդանյանին աշխատանքից չազատելու, մաշկավեներաբանական կաբինետում որպես բուժքույր ընդունելու եւ հետագայում աշխատավարձը բարձրացնելու համար 2009թ. հուլիսի վերջին վերջինիցս պահանջել եւ 2009թ. օգոստոսի 10-ին իր աշխատասենյակում ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ` 2008-2010թթ. ընթացքում վերոհիշյալ պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Տ. Փանոսյանը կատարել է մի շարք հափշտակություններ: Բացի այդ Տ. Փանոսյանը իր նախկին ամուսնուն` Ա. Հարությունյանին, 2009թ. հունվարի 8-ից մինչեւ 2010թ. մարտի 19-ը պոլիկլինիկայում ձեւակերպել է որպես բժիշկ-անոթաբան: Սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձի ցուցակներում անձամբ ստորագրել եւ 1 021 505 դրամի չափով գումարն ստացել է Տ. Փանոսյանը: Այնուհետեւ` Տ. Փանոսյանը 2010թ. հունվարի 10-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 1-ը Կ. Բադալյանին պոլիկլինիկայում որպես պահակ է ձեւակերպել, ով, սակայն, աշխատանքի չի հաճախել: Նշված ժամանակահատվածում Կ. Բադալյանի փոխարեն աշխատավարձերի ցուցակներում ստորագրել եւ աշխատավարձն ստացել է Տ. Փանոսյանը` յուրացման եղանակով հափշտակելով ընդհանուր առմամբ 437 116 դրամ գումար:
Բացի այդ` 2009թ. հունիսից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տ. Փանոսյանի հանձնարարությամբ եւ պարտադրմամբ պոլիկլինիկայի` թվով 17 բժիշկներ 53 աշխատակիցների վերաբերյալ կազմել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող թվով 101 անաշխատունակության կեղծ թերթիկներ: Արդյունքում` ընդհանուր 1 302 444 դրամ գումարի չափով սոցիալական վճար պետական բյուջե չի վճարվել:
2011թ. մարտի 22-ին Տ. Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտնում է դատախազության հանրային կապերի վարչությունը:





