AM
25 Մարտ 2011 - 07:19 AMT

Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը քննարկեց երկրում առկա քաղաքական իրավիճակը

Սույն թվականի մարտի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության (ՀԵՔԳՄ) ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Երևանի և Հայաստանի մարզերի պատվիրակները:

Քննարկվեցին վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները, որոնց վերաբերյալ հնչեցին տարբեր գնահատականներ:

ՀԵՔԳՄ անդամներն իրենց ելույթներում կարևորեցին թե'քաղաքական, և թե' հասարակական ներկա գործընթացներում հայ երիտասարդության իրական մասնակցությունը` կոչ անելով նրանց զերծ մնալ իմիտացիոն և արժեզրկված «պրոյեկտների» մեջ ներգրավվելուց:

Բարձրաձայնվեց քաղաքական դաշտում արժեքային համակարգի գրեթե բացակայության փաստը, ինչը, ըստ կառույցի ներկայացուցիչների, խիստ բացասական է անդրադառնում հասարակության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Անդրադառնալով պարզ կանխատեսելիության մակարդակի հասնող հայաստանյան քաղաքական զարգացումներին, ՀԵՔԳՄ հիմնադիր-նախագահ Արման Վարդանյանը նշեց. «Մենք պարտավոր ենք հարթակ հանդիսանալ նոր տեսլականներով սկզբունքային երիտասարդների համար և ապահովել նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Այսօր, ավելի քան երբևէ, առկա է քաղաքական սերնդափոխության հրամայականը»:

Նիստի ընթացքում հստակեցվեց կառույցի մարտավարությունը և առաջարկ եղավ հիմնադրել մարզային կառույցներ, ինչն էլ ընդունվեց ձայների պարզ մեծամասնությամբ, հաղորդում է Հայաստանի Երիտասարդ քաղաքական գործիչների միության մամլո ծառայությունը: -ԼՀ-