AM
28 Մարտ 2011 - 05:17 AMT

ՀՀ նախագահն ու ԻԻՀ ղեկավարը քննարկել են Իրան-Հայաստանի երկաթգծի կառուցումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, մարտի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին և Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարևորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին: