Մարտի 30-ին Արցախի Հանրապետությունում հրավիրվել է սոցապնախարարության կոլեգիայի նիստ, որտեղ ներկայացվեց այդ գերատեսչության 2010 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ողջունելով նիստին ներկա պաշտոնատար անձանց և սոցապահովության ոլորտի պատասխանատուներին` կառավարության ղեկավարը ճիշտ և դրական համարեց առաջին անգամ կիրառվող նման ձևաչափով տարվա կատարվածի ամփոփումը:
Անդրադառնալով կենսաթոշակային ապահովության բնագավառին` սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը շեշտեց այն կատարելագործելու և շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված իշխանությունների շահագրգռվածությունը: Նախարարի խոսքով` նախապատրաստական աշխատանքներ են տարվում հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ:
Մյուս ոլորտների կապակցությամբ նշվել է, որ 2010 թ. պետական բյուջեի ծախսերի 25 տոկոսը` ավելի քան 16մլրդ դրամ, կազմել են սոցպաշտպանությանն ուղղված միջոցները: Հաշվետու տարում կյանքի են կոչվել նաև նոր ծրագրեր: Բարեգործական են որակվել 83 ծրագրեր` 4,2 մլրդ դրամ արժողութամբ:
Վարչապետ Ա.Հարությունյանը բավարար գնահատեց նախարարության մեկ տարվա աշխատանքը, կարևոր համարելով այն փաստը, որ ոլորտում բացակայում են բացասական երևույթները: Դա են վկայում ԼՂՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքները: Բժշկասոցիալական փորձաքննության պատասխանատուները պետք է գործեն առավել վճռական և օբյեկտիվ` սա վարչապետի հորդորն էր:
Կոլեգիայի նիստին ներկա փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի համոզմամբ` իրականացվող մեծածավալ ծրագրերի արդյունավետությունը պայմանավորված է առավելապես քաղաքացիների հանդեպ դրսևորվող վերաբերմունքով: Փոխվարչապետը նախարարության աշխատանքի տեսչությանը խորհուրդ տվեց իր գործունեությունը կազմակերպել առավել համակարգված:





