AM
30 Մարտ 2011 - 14:15 AMT

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները ծանոթացան արդի աշխատաշուկայի պահանջներին

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 25, 26, 27-ին կայացավ "Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ" խորագրով եռօրյա համաժողովը, որի նպատակը աշխատաշուկայում երիտասարդ սերնդին հանդիպող խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու հնարավոր ուղիների բացահայտումն էր, հաղորդում է Եվրասիա միջազգային համալսարանի մամլո ծառայությունը:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ, շուկայի ընթացիկ պահանջների վերաբերյալ բաց քննարկումներ, որոնց անմիջական մասնակիցներն էին ԵՄՀ ուսանողները, ինչպես նաև հրավիրված բազմաթիվ հյուրեր, ովքեր միտված էին կիսելու իրենց գիտելիքն ու փորձը ապագայում հայաստանյան աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար: Հանդիպմանը քննարկվող թեմաներն էին hամաշխարհային արդի զարգացումները, գործատուի կողմից աշխատողին ներկայացվող ժամանակակակից պահանջները, կամավորական աշխատանքը` որպես աշխատանքային փորձառություն ձեռք բերելու լավագույն տարբերակ, ինպես նաև անհատի և կազմակերպություների առաքելության, նպատակների, տեսլականի, արժեքային համակարգի սահմանմանն ու հստակեցմանը ներկայացվող տարբեր պահանջներն ու դրանց կարևորությունը:

Հանգամանալից խոսելով համաշխարհային զարգացումների մասին`Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը կարևորեց երիտասարդների նորարար և ստեղծագործ մտածելակերպի անհրաժեշտությունը մասնագիտական ցանկացած բնագավառում մրցունակ լինելու նպատակով:

Ուսանողներին հնարավորություն տրվեց հանդիպել մի շարք ազգային և միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որոնցից էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագծերի ղեկավար Արմեն Ղալումյանը, "Ի-ՎԻ Քոնսալթինգ" հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդից Սամվել Պիպոյանը, ով կարևորեց ցկյանս կրթությունը`զուգահեռներ անցկացնելով կրթության որակի և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանելիության հետ: Հանդիպմանը ներկա էին ամենատարբեր ոլորտներ ներկայացնող այլ գործատուներ և շահառու մարմիններ: