AM
31 Մարտ 2011 - 08:04 AMT

ABC News. ԱՄՆ-ն գաղտնի օգնություն է ցուցաբերում ապստամբներին Մուամար Քադաֆիի հետ պայքարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի կարգադրություն է ստորագրել Լիբիայում ԱՄՆ բանակի գաղտնի գործողություն սկսելու վերաբերյալ: Գործողությունն ուղղված է ապստամբների աջակցությանը Մուամար Քադաֆիի հետ պայքարում: Այդ մասին հայտնում է ABC News-ը, հղում անելով սեփական աղբյուրներին: Կարգադրության մեջ կան կետեր, որոնք թույլ են տալիս անկանխատեսելի հանգամանքների դեպքում մատակարարել Քադաֆիի հակառակորդներին զենքով, սակայն հրահանգ չի պարունակում գործողության այս փուլում զենքն ապստամբներին հանձնելու վերաբերյալ:

Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները՝ հղում անելով տվյալների գաղտնի բնույթին: «Ապստամբներին զենքով մատակարարելու մասին որոշում չի ընդունվել: Մենք չենք բացառում, սակայն, չենք էլ հաստատում այդ հնարավորությունը: Մենք գնահատում ենք և դիտարկում ենք Լիբիայի ժողովրդին աջակցելու բոլոր տարբերակները»,-ասվում է Օբամայի ներկայացուցիչների հայտարարության մեջ:

Մինչդեռ, հայտնի է դարձել, որ սենատոր-հանրապետական Ռենդ Փոլը նախաձեռնել է ԱՄՆ Սահմանադրությանը Լիբիայում ռազմական գործողության համապատասխանության քննարկում: Բանավեճի արդյունքում Սենատը կարող է փաստաթուղթ ընդունել նախագահի կողմից իր լիազորությունների չարաշահման մասին: