AM
1 Ապրիլ 2011 - 08:08 AMT

ԱՄՆ պետդեպարտամենտը հետաքրքրվել է հայ-իրանական համագործակցությամբ էներգետիկայի ոլորտում

ԱՄՆ պետդեպարտամենտն ուսումնասիրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Իրան կատարած այցի ընթացքոմ ստորագրած համաձայնագրերի բովանդակությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նրա խոսքերով, համաձայնագրերի բովանդակության մասին մանրամասն տեղեկատվություն նա դեռ չունի, ուստի անհրաժեշտ է սկզբից ուսումնասիրել դրանք: «Մեր դիրքորոշումն Իրանի հետ բիզնես վարելու մասին, որն ի վիճակի չէ ճշմարտությունը պատմել իր միջուկային ծրագրի մասին, բազմիցս արտահայտվել է: Ես կփորձեմ ուսումնասիրել այդ հարցը և հետո կկարողանամ պատասխան տալ»,- ասել է Թոները, հաղորդում է America.gov-ը:

Սերժ Սարգսյանի` Նովրուզի առիթով Իրան կատարած այցի ընթացքում ստորագրվել են մի քանի համաձայնագրեր, այդ թվում` էներգետիկայի ոլորտում:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ բելառուսական «Բելառուսնավթ» ընկերությունը խախտել է պատժամիջոցները, որոնք գործում են Իրանի նկատմամբ, և ուստի նա ևս ենթարկվելու է պատժամիջոցների ռեժիմի: ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով, 2007-ին «Բելառուսնավթը» գործարք է կնքել իրանական նավթային ընկերության հետ, որի գումարը կազմել է 500 մլն դոլար:

1996-ի Իրանի նկատմամբ պատժամիջոցներով նախատեսվում է, որ ցանկացած պետություն, որն իրանական էներգետիկայի մեջ կկատարի 20 մլն դոլարից ավելի ներդրումներ, կենթարկվի պատժամիջոցների: