AM
1 Ապրիլ 2011 - 15:35 AMT

ԼՂՀ նախագահն ու ՀՀ ԿԳ նախարարը քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է երկկողմ կապերի ամրապնդման և Արցախի ժողովրդի մտավոր ներուժի ավելի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` նշելով, որ այն հանդիսանում է ինչպես կրթության և գիտության բնագավառի զարգացման, այնպես էլ հայոց պետականության շարունակական զորացման ամենահուսալի նախապայմաններից մեկը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: