Մարտի 25-28-ը տեղի են ունեցել Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներերին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ. Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին): Ներկա են եղել նաև աշխարհի 14 երկրներից ժամանած շուրջ 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ, հայտնում է Աթենքի «Հայաստան» լրատուն:
Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոնը մարտի 27-ին ներկա է գտնվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված սուրբ պատարագին եւ մասնակցել է դրան հաջորդած միջոցառմանը: Վերջինս իր խոսքում, մասնավորապես ընդգծել է, որ «հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է»: Մարտի 26-ի երեկոյան Ռաֆլզ հյուրանոցում կայացել է ընդունելություն, որը եզրափակվեց հայ երաժիշտների կատարմամբ եվրոպական և հայ դասական երաժշտության համերգով:
Պատարագին հաջորդող օրը Սինգապուրում հրատարակվող անգլիատառ «Սթրեյթս Թայմզ» օրաթերթը (1845թ. Խաչիկ Մովսեսի կողմից հիմնադրված), ամբողջ էջ է տրամադրել միջոցառումներին:
Սինգապուրում հայկական համայնքի պատմությունը, եկեղեցուց բացի, ներառում է Հայկական փողոցը, Սինգապուրի պատմական ամենանշանավոր կառույցներից մեկը` հանրահայտ Ռաֆլզ Հոթել հյուրանոցը և այն հիմնադրող Սարգիս (Սարգսյան) եղբայրների անվամբ կոչվող փողոցը, անգլերենով հրատարակվող «Սթրեյթս Թայմզ» օրաթերթը, Սինգապուրի ազգային ծաղիկը (Միս Վանդա Ջոաքիմ, որը կրում է այդ հիբրիդ-խոլորձը ստեղծող հայազգի բուսաբան Աշխեն Հովակիմյանի կամ Ագնես Ջոաքիմի անունը), ինչպես նաև Գալիստան և Սենթ Մարթին փողոցները:





