AM
4 Ապրիլ 2011 - 10:30 AMT

ԵՀՄՖ. Հայաստանը մինչև մայիսի 9-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը

Վերլուծելով Ստեփանակերտ թռիչքներ կատարելու շուրջ Ադրբեջանի հայտարարություններն, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը նշում է, որ Եվրոպայի և աշխարհի ոչ մի երկիր նորմալ չընդունեց քաղաքացիական ավիացիայի ոչնչացման շուրջ այդ հայտարարությունները, բացի Թուրքիայից: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանն այդ առթիվ նշում է, որ հատկապես տարօրինակ է Թուրքիայի ռեակցիան, եթե հաշվի առնենք, որ համանման իրավիճակում թուրքական և ադրբեջանական ավիաընկերություններն իրագործում են թռիչքներ հյուսիսային Կիպրոս: «Թուրքիան, ցավոք սրտի, վարպետորեն օգտվելով հայ-թուրքական արձանագրությունների տված հնարավորություններից, ամբողջովին ներգրավվեց արցախյան հարցի կարգավորման գործընթացին` միակողմանիորեն պահելով զուտ Ադրբեջանի շահերը: Այդ մասին առաջին անգամ հրապարակավ պարոն Գրիգորյանը բարձրաձայնեց 2010թ.-ի մայիսին Զալցբուրգի «Թուրքիա – ԵՄ» ֆորումի ընթացքում Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, իշխող կուսակցության փոխնախագահ Սյուաթ Կինիկլիօղլուի հայտարարության հիման վրա: Գրիգորյանը հարցրել էր, թե ինչպես կարող է Թուրքիան պահանջել արցախյան հարցի լուծման իր տարբերակը և Հայաստանին անվանել օկուպանտ, երբ Թուրքիան ինքն օկուպացրել է հյուսիսային Կիպրոսի տարածքը: Թուրք բարձրագույն ներկայացուցչի պատասխանը հետևյալն էր.Թուրքիան չի օկուպացրել Կիպրոսի տարածքը այլ փրկել է Կիպրոսում ապրող թուրք ժողովրդին ոչնչացումից` ընտրելով օգնության ռազմական ուղին (ասել է թե ինտերվենցիա է կատարել), ի տարբերություն Արցախի հյուսիասային Կիպրոսը ճանաչվցած է որպես անկախ հանրապետություն գոնե մեկ երկրի` Թուրքիայի կողմից: Այսօր վերլուծելով ասվածը պարզ է դառնում, որ առաջին կետը ամբողջովին վերաբերվում է նաև Արցախի պարագային, ընդ որում ինքնապաշտպանությունը կազմակերպվել է հենց արցախյան ուժերի կողմից և տարածքները ազատագրված են ոչ թե գրավված, սակայն երկրորդ կետում թուրքական իշխանությունները ճիշտ են. ՀՀ չի ճանաչել դեռևս Արցախի անկախությունը: Վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ը պետք է առաջին իսկ առիթով ընդունի Արցախի անկախությունը` նախադեպ ստեղծելով նաև մյուս երկրների համար: Ընդ որում այդպիսի առիթներ արդեն եղել են: Վերջին հիանալի առիթը Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախության օրինականացման փաստն էր»,-ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:

«Փաստորեն Ադրբեջանը, այսօր քննարկելով Ստեփանակերտ թռիչքների շուրջ իրավական նորմերի հարցը, դուրս է գալիս իր այն մոտեցումից, որ Արցախը նա համարում է իր տարածքը: Այդ հարցը մեկընդմիշտ կվերանա, երբ ՀՀ ընդունի Արցախի անկախությունը: Դրա համար հիանալի առիթ է այսօր թռիչքների ապահովությունն իրականացնելու համար Արցախի անկախությունը հայտարարելու հնարավորությունը: Կարծում ենք մինչ մայիսի ինը կարելի է օգտվել հարցի շուրջ մեծացող լարվածությունից և այն լուծել Արցախի անկախությունն ընդունելու հայտարարությամբ: Հատկապես սրան նպաստում է նաև Արցախին բանակցությունների կողմ ճանաչելու խիստ անհրաժեշտությունը, առանց որի արցախյան հարցի լուծումը Մինսկի խմբի շրջանակներում ակնհայտորեն դարձել է անհնարին:

Այնուհետև, և արցախյան և ցեղասպանության հարցում Թուրքիայի սպեկուլացիաների դեմն առնելու համար ՀՀ նախագահը պետք է ետ կանչի իր ստորագրությունները կասեցնելով արձանագրությունները` ելնելով հատկապես նրանից, որ Թուրքիան ոչ մոտիկ կամ տեսանելի ապագայում և ոչ էլ դրան հետևած ժամանակահատվածում չկատարեց պայմանավորվածությունը ու չվավերացրեց արձանագրությունները: Ավելին, օգտվելով արձանագրությունների անճշտություններից, Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ ցեղասպանության դեմ և արցախյան հարցում` ներկայացնելով իր տեսակետներն, որոնք ամբողջովին հակասում են համաշխարհային հանրության պատկերացումներին: Կասեցնելով այս արձանագրությունները ՀՀ կստեղծի նոր իրավիճակ. կամ կպատրաստվեն նոր արձանագրություններ, որոնք կլինեն առավել հստակ և գրագետ ձևակերպված ու թույլ չեն տալ թուրքական կողմին խուսանավելու, կամ Թուրքիան ստիպված կլինի հրաժարվել «զրո խնդիրներ հարևանների հետ» իր կարգախոսից ու կունենա նոր խնդիրներ ԵՄ-ին անդամակցելու հարցում:

Վերջերս «Ազգ» թերթին տրված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն վերահաստատեց իրենց մոտեցումները վերոհիշյալ հարցերի շուրջ: Սա նշանակում է, որ ՀՀ-ը պարտավոր է արագ լուծում տալու, որի պատճառով էլ մեր տված առաջարկները համարում ենք շատ ակտուալ: Ուզում ենք հիշեցնել նաև անցյալ ամառ ԵՀՄՖ-ի կողմից ներկայացրած տեղեկատվությունն այն մասին, որ շրջանառվում են քննարկումներ ազատագրված տարածքներ խաղաղապահ զորքեր մտցնելու հետ կապված: Ընդ որում այս գործողությունը չափազանց հետաքրքրում է հատկապես ԱՄՆ-ին, քանի որ նրան ընձեռնվում է Իրանի սահմանը շրջափակելու եզակի հնարավորություն: ԵՀՄՖ-ի հայտարարության մեջ ժամանակին ասված էր, որ այդ նպատակն իրականացնելու համար ադրբեջանա-արցախյան ճակատի վրա լարվածությունը արհեստականորեն թեժացվելու է: Սրա դեմ հանդես եկավ կարճ հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ն, սակայն վերջին ամիսները ապացուցեցին մեր տեղեկատվության ճշմարտացիությունը: Ամփոփելով վերոհիշյալ վերլուծությունները, ևս մեկ անգամ հայտարարում ենք հրատապ քայլերի կիրառման անհրաժեշտության մասին ու առաջարկում մեր լուծումները ա. հայտարարել Արցախի անկախությունը, բ. կասեցնել արձանագրությունների գործունեությունը»,-ասվում է ԵՀՄՖ-հայտարարության մեջ: