AM
4 Ապրիլ 2011 - 16:16 AMT

Հայաստանի և Սերբիայի նախագահները համամիտ են, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են երկու միջկառավարական համաձայնագրեր` «Օդային հաղորդակցությունների մասին», «Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», ինչպես նաև «2011-2013թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագիր Հայաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների միջև:

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները: Նախագահները բանակցությունների օրակարգը համարել են բավականին հագեցած, քննարկումները` արդյունավետ: Նրանք վերահաստատել են հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը, արձանագրել, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը:

Նախագահներ Սարգսյանը և Տադիչն ընդգծել են, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: