2011թ. փետրվարից «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ն ներգրավված էր «Արցախ ուղի» ծրագրի մեջ: Այս ծրագիրը, որի ֆինանսավորումը կազմում էր մոտ 16 միլիոն դրամ, ուղղված էր Արցախի կրթական մակարդակի և հասարակական կազմակերպությունների ներուժի բարձրացմանը: Ծրագիրն արցախցի երիտասարդներին առաջարկում էր մի շարք դասընթացներ և կրթական խորհրդատվություն` արտերկրի տարբեր բուհերի և ծրագրերի դիմելու համար: «Արցախ ուղի» ծրագրի մեջ ներգրավված կազմակերպությունները հնարավորություն ունեին օգտվելու Ստեփանակերտում տեղակայված և տեխնիկապես հագեցած գրասենյակի հնարավորություններից, ասվում է «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի հայտարարության մեջ:
«Սակայն շատ շուտով «Արցախի եվրոպական շարժումը» դուրս մնաց այս ծրագրից` դոնորից և ՀԿ-ից անկախ պատճառներով: Առաջին անգամ չէ, որ ճնշումներ և անհանդուրժողականություն է դրսևորվում կազմակերպության նկատմամբ, սակայն այդ ամենը մինչև հիմա չէր հրապարակայնացվել Արցախի իշխանությունների հետ համաձայնության գալու հույս ունենալու պատճառով:
Համաձայնություն, որն իրենից ենթադրում էր տալ հնարավորություն իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում տեղավորվում էին ոչ ֆորմալ կրթության տրամաբանության մեջ: Այժմ այդ հույսը կորել է, քանզի ծրագրից մեր կազմակերպության բացառման համար միջնորդել է անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության հեղինակների, Արցախի իշխանություններին հատկապես բարկացրել էր մեր կողմից կազմակերպված «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» եռամսյա դասըթնացը, որտեղ դասավանդում էին մասնագետներ Ստեփանակերտից և Երևանից: «Արցախի եվրոպական շարժումն իր հիասթափությունն է հայտնում նախագահ Բակո Սահակյանի` մի խումբ բանսարկուների ասածների վրա որոշումներ ընդունելու փաստից: Մենք ցավ ենք զգում, որ մեր երկրի նախագահը միակողմանի կարծիքների հիման վրա դիմում է նախագահին ոչ արժանի քայլերի և կարծում ենք, որ ապատեղեկատվությունից խուսափելու միակ ձևը առնվազն բոլոր կողմերին լսելն է:
Արցախի եվրոպական շարժումն արդեն իսկ սկսել էր Միջազգային եվրոպական շարժման թղթակից անդամ դառնալու շուրջ բանակցություններ` նպատակ ունենալով ինտեգրվել միջազգային հասարակական դաշտում: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղարը ողջունել էր մեր կազմակերպության գործունեությունը և պատրաստակամություն հայտնել լինել Արցախում: Մեզ հետ կատարված վերջին իրադարձությունները սպառնալիքի տակ են դնում այս ողջ գործընթացը:
Արցախի եվրոպական շարժումը խնդրում է Արցախի նախագահին չխոչընդոտել կազմակերպության գործունեությանը և վերացնել պետական այլ կառույցների կողմից առկա խոչընդոտները»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: «Միևնույն ժամանակ, հայտնում ենք մեր մտահոգությունն առ այն, որ մինչև այսօր Արցախի տարբեր կառույցների կողմից Հայաստանից և Սփյուռքից եկածները համարվում են օտար, նրանց գործունեությունը շատ հաճախ այդ նույն մարմինների կողմից խոչընդոտվում է: Մենք համոզված ենք, որ հայության բոլոր ներկայացուցիչները, անկախ ծննդյան վայրից, իրավունք ունեն ապրել, ստեղծագործել և կայանալ Արցախում»,-ասվում է հայտարարության մեջ:





