AM
6 Ապրիլ 2011 - 13:21 AMT

Օրենքով գող Գեորգի Մանուկյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի անօրինական պահման համար

ՌԴ Կրասնոդարի երկրամասում «օրենքով գողի» գործով վճռի է կայացվել: Ինչպես հաղորդում է ՀԴԵ գծով ՌԴ ՆԳՆ ՊԿ մամլո ծառայությունը, Գեորգի Մանուկյանը, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Թբիլիսյան Ժորիկ, մեղավոր է ճանաչվել առանձնակի խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի պահման մեջ:

Նովոռոսիյսկի Հոկտեմբերյան դատարանն «օրենքով գողին» դատապարտել է 3 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում և 150 հազ. ռուբլու չափով տուգանքի վճարման:

47-ամյա թբիլիսեցի, իսկ այժմ` Կրասնոդարի երկրամասի բնակիչ Գեորգի Մանուկյանը բերման է ենթարկվել 2010 թվականի մայիսին Նովոռոսիյսկում: Անհատական զննման ժամանակ նրա մոտ 3,5գ հերոին էր հայտնաբերվել և բռնագրավվել:

ՀԴԵ գծով ՌԴ ՆԳՆ ՊԿ աշխատակիցների խոսքով, Մանուկյանն այսպես կոչված «թագադրումից» հետո առաջին անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվում և իրական ազատազրկման ժամկետ է ստացել: Վճիռը դեռ օրենքի ուժ չի ստացել և կարող է բողոքարկվել, հաղորդում է «Ռոսբալտը»: