Ապրիլի 11-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության երկամյակին նվիրված միջոցառում, ինչպես նաև Կոնֆուցիուսի կիսանդրու բացման արարողությունը: Կոնֆուցիուսի կիսանդրին նվիրատվություն է Չինաստանի կառավարությունից` ի դեմս ՉԺՀ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունի: Միջոցառմանը ներկա կլինեն նաև Չինարենի տարածման գլխամասային գրասենյակի (Հանբան) պատվիրակությունը և Շանսիի համալսարանի ներկայացուցիչները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ և այլ բարձաստիճան հյուրեր: Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով` Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողների կատարմամբ: Կիսանդրու բացման արարողության ավարտից հետո հյուրերը կայցելեն ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական մշակույթի փորձարարական կենտրոն, որտեղ կցուցադրվի չինական կալիգրաֆիա, չինական ազգային երաժշտական գործիքներ և չինական հայտնի թեյի արարողություն, հայտնում է ԵՊԼՀ-ի Հանրային կապերի բաժինը:





