AM
13 Ապրիլ 2011 - 12:04 AMT

Արցախի արտգործնախարարությունը կոչ է անում «International Alert»-ին «իրերը կոչել իրենց անունով»

Զինված հակամարտություններից հետո խաղաղապահ և խաղաղ համագոյության թեմայով կլոր սեղանին մասնակցելու համար Կիպրոսից փորձագետների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի կապակցությամբ Բրիտանական «International Alert» կազմակերպության ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը և տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների և հանդիպումների շարքի մասին: Միևնուն ժամանակ հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, որ հենց Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունն է միջոցառման շուրջ անառողջ իրարանցման առիթ դարձել, այլ բավականին անորոշ կերպով խոսվում է «ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների» մասին, որոնք ստիպել են «International Alert»-ին պարզաբանումներով հանդես գալ:

Բացի դրանից, հաղորդագրության մեջ հաստատվում է, որ կլոր սեղանի կազմակերպիչները նախօրոք բոլոր կողմերին ներկայացրել են սպասվող միջոցառումների մանրամասները և խորհրդատվություններ են անցկացրել տարածաշրջանի ղեկավարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները խորհրդակցություն չեն անցկացրել կազմակերպիչների հետ և ոչ էլ խոչընդոտել են միջոցառման անցկացմանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել էր, որ Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են International Alert-ի կողմից կազմակերպված կլոր սեղանի աշխատանքներին, հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում», և նրանց արգելվում է այցելել Ադրբեջան, քանիզի ԼՂՀ են գնացել Հայաստանից` առանց «պաշտոնական Բաքվի թույլտվության»: