AM
13 Ապրիլ 2011 - 12:54 AMT

Հայաստանում մշակվում է ծրագիր չաշխատող մայրերին ծննդաբերության նպաստ տրամադրելու վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունում մշակվում է ծրագիր, որով նախատեսվում է հղիության և ծննդաբերության նպաստ տրամադրել չաշխատող մայրերին: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք Կառավարությունը ավելացնել երեխաների ծննդաբերության համար տրամադրվող միանվագ նպաստի չափը: Բիշարյանը նշեց, որ նպաստի չափի ավելացումը կլուծեր ինչպես սոցիալական, այնպես էլ ժողովրդագրական խնդիր:

Իր հերթին նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ երեխաների ծննդյան միանվագ նպաստի համար 2011 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 4 միլիարդ դրամից ավել գումար: «Միանվագ նպաստի չափն ավելացնելու համար կպահանջվի ևս հավելյալ միջոցներ: Միայն ֆինանսական սղության պատճառով մենք չենք գնում այդ համարձակ քայլին: Սակայն տեղեկացնեմ, որ նախարարությունը մշակել է ծրագիր, որը նախատեսելու է հղիության և ծննդաբերության նպաստ չաշխատող մայրերի համար»,- հայտնեց նախարարը` ավելացնելով, որ 2012 թ. պետբյուջեի և միջնաժամկետ ծախսերի քննարկման ընթանցքում կառավարությունը կփորձի լուծում տալ հարցին: