AM
13 Ապրիլ 2011 - 16:41 AMT

Տարածաշրջանային համագործակցության բացակայությունը խոչընդոտում է Հարավային Կովկասի եվրաինտեգրմանը

«20 տարվա անկախության պատմություն ունեցող Հայաստանը նոր արժեհամակարգի վրա է կերտում իր ապագան: Դա այն արժեքների համակարգն է, որ հնարավորություն է տալիս հասարակության յուրաքանչյուր անդամին ինքնարտահայտվելու և ինքնադրսևորվելու, ազատ ընտրություն կատարելու, լիարժեք մասնակցելու պետության կառուցմանը, զբաղվելու ազատ ձեռնարկատիրությամբ»,- հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` իր սլովենական պաշտոնակից Դանիլո Տյուրկի կողմից իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Ընդ որում, նա նկատել է, որ և' Հայաստանը, և' Սլովենիան իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության համակարգի ամրապնդման, խաղաղ գոյակցության և ինտեգրման գործընթացների առանցքում:

Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ, ցավոք, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում միայն ներքին բարեփոխումներով: Նրա խոսքով, Հարավային Կովկասն առայժմ հեռու է միացյալ Եվրոպայի հիմքում ընկած առանցքային սկզբունքների` մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի կիրառումից: Այս համատեքստում նա նկատել է, որ դա զգալիորեն նվազեցնում է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչն իր հերթին ազդում է ավելի լայն առումով ինտեգրման գործընթացների վրա: դրա հետ մեկտեղ ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի ոչ բոլոր հարևաններն են պատրաստ համագործակցություն ծավալել առանց նախապայմանների, մինչդեռ Հայաստանն առաջնորդվում է բարի կամքով: «Մենք երբեք հետ չենք կանգնել մեր միջազգային պարտավորություններից և պատրաստ ենք շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահությամբ և միջնորդությամբ, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որ կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: