AM
15 Ապրիլ 2011 - 05:21 AMT

«Հայոց աշխարհ». Ոստիկանության քննիչների շրջանում որևէ լարվածություն չկա

«Հայոց աշխարհի» փոխանցմամբ, լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվության համաձայն, հանրապետության ոստիկանությունն առաջիկայում կարող է մնալ առանց քննիչների, քանի որ նրանց մեծամասնությունը (100-ից ավելի) մտադիր է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։

Ապրիլի 14-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից թերթին պաշտոնապես հավաստեցին, որ խնդրո առարկա հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, քննիչների շրջանում ինչ-որ խժդժություն, դիմումներ գրելու մտադրություն չկա։

Ինչպես հաղորդում էր «Հայկական ժամանակ»-ը իր ապրիլի 14-ի համարում, քննիչների դժգոհության ալիքի բարձրացման պատճառ է դարձել ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանին ապրիլի 11-ին կալանավորելու փաստը: «Քննիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ ոտսիկանության ղեկավարությունը որոշել է «պլանը» կատարելու համար որպես քավության նոխազ օգտագործել քննիչին»,- հաղորդում է թերթը: Կալանավորվածի գործընկեր քննիչները վստահ են, որ Խանզադյանը մեղավոր չէ:

Թերթի տվյալներով, ցուցադրելու համար իրենց դիրքորոշման լրջությունը Ոստիկանության քննիչներից շատերը ցուցադրաբար ազատման դիմում են գրել, սակայն չեն ներկայացրել դեռևս:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արամ, Արթուր Մարտիրոսյան եղբայրների և Հրաչյա Պետրոսյանի ապօրինի ձեռք բերած հրազենների գործադրմամբ` 2009թ. նոեյմբերի 05-ին Գավառում երեք անձի նկատմամբ սպանության փորձի, ինչպես նաև նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2011թ. ապրիլի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին:

Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորում` երկու ամիս ժամկետով: