Ապրիլի 15-ին Մոսկվայի «Պրեզիդենտ Հոթելում» տեղի է ունեցել «Քրդական հարցը ժամանակակից փուլում և նրա ազդեցությունը մերձավորարևելյան տարածաշրջանի և Կովկասի վրա» միջազգային գիտաժողով:
Այն կազմակերպել էր Քրդական հասարակական կազմավորումների միջազգային միությունը: Ներկա էին Ռուսաստանի մի շարք պետական հաստատությունների ներկայացուցիչներ, վերլուծական, ակադեմիական հաստատությունների, ազգային միությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Մասնակիցների թվում էին Թուրքիայի խորհրդարանի անդամ, «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Օսման Օսչելիկը, Օջալանի փաստաբան Ասիյա Ուլկերը, Քրդստանի Ազգային կոնգրեսի գործադիր խորհրդի անդամ Ջորջ Արիոն:
Գիտաժողովին մասնակցեց նաեւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը:
Ազգությամբ քուրդ ելույթ ունեցողները դատապարտել են Թուրքիայի, Իրանի և Սիրիայի կողմից իրականացվող քրդերի դեմ քաղաքականությունը:
Գիտաժողովում ելույթով հանդես է եկել Յուրա Նավոյանը: Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ու հավանական զարգացումների համատեքստում քրդական հարցը տարածաշրջանի զարգացման և ուժերի դասավորության վրա էական ազդեցության գործոն դառնալու հավանականություն ունի: ՀՅԴ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ ճակատագրի նմանություն ունեցող հայ և քուրդ ժողովուրդները, պատմական դասերից ելնելով, ցանկացած իրավիճակում ընդունակ են համագործակցություն հաստատել: Յուրա Նավոյանը ներկայացրել է նաև Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքն ու հայկական կողմի տեսակետները, ընդգծել Թուրքիայի ոչ կառուցողական դերակատարությունը այս և ուրիշ հարցերի նկատմամբ, հաղորդում է ՀՅԴ Մամլո դիվանը:





