Ճանապարհային քարտեզի վերաբերյալ հայ-թուրքական համաձայնությունը կարող էր հրապարակվել ապրիլի 24-ից հետո` թեկուզ ելնելով սիրիական անապատներում կտտանքների ենթարկված և սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակի և աշխարհասփյուռ հայության նկատմամբ հարգանքից: Բայց քանի որ փաստաթղթերում ոչ մի խոսք չկար նախապայմանների մասին, ապա Թուրքիան որոշեց պոկել իր թվացյալ հաղթանակի կտորը` հռչակման ամսաթիվը, ինչով պառակտման վտանգ առաջացրեց Հայաստանի և սփյուռքի միջև: Եվ արդեն ոչ ոք չի հիշելու, թե ինչ է եղել համաձայնագրում, գլխավորը, որ այն ստորագրվել է ապրիլի 24-ի նախօրեին…
Համաձայնագրի և Արձանագրությունների տեքստում ոչ մի հիշատակություն չկա Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմանների մասին, այն է` հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ղարաբաղյան հարցի լուծում և ներկա թուրքական պետության սահմանների ճանաչում, այսինքն 1921-ի Կարսի պայմանագրի վավերացում: Եվ եթե առաջին երկու կետերը Թուրքիայի համար այդքան կարևոր չեն, ապա Կարսի պայմանագրի վավերացումն Անկարային այնքան է պետք, որ նա պատրաստ է զիջել այլ կետերի հարցում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, որը, ըստ էության, վերջին 20 տարում միայն խանգարում է Թուրքիային:
Ինչ վերաբերվում է Կարսի պայմանագրին, ապա որոշ վերլուծաբանների և դիվանագետների կարծիքով, նրա գործողության ժամկետը լրացել է 1946-ին: Փաստորեն, հենց այդ պատճառով ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը 1951-ին հայտարարել է,որ ԽՍՀՄ-ը Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններ չունի, «մոռանալով», որ պայմանագիրն արդեն կորցրել է ուժը: Հետևաբար, Կարսի շրջանը, որը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ, ավտոմատ կերպով վերադարձել է Ռուսաստանին, այսինքն՝ ԽՍՀՄ-ին: Սակայն սկսվել է «սառը պատերազմ», Թուրքիային անհրաժեշտ էր չեզոքացնել և մենք ստացել ենք այն, ինչ ունենք. ծայրահեղ վտանգավոր հարևան, որն ամեն գնով ցանկանում է իրավաբանորեն ամրապնդել իր սահմանները:
Բոլոր ինտրիգները հանգում են նրան, թե ինչ անել. ուշադրություն չդարձնել գերտերություններին, որոնք մտադրվել են բոլորին հաշտեցնել տարածաշրջանում, որպեսզի հետո պատերազմ սկսեն ազդեցության ոլորտների նոր վերաբաժանման համար: Միաժամանակ, կարևոր է հիշել այն, որ վատ խաղաղությունը լավ վեճից լավ է: Բայց այլ վտանգ կա Հայաստանի և Թուրքիայի համար. հայերի հետ ամեն գնով քրդերի միանալու ցանկությունը, որը սահմանը բացելու դեպքում շատ հեշտ է լինելու: Անկարայի վարկածով, հայ-թուրքական սահմանի, ավելի ճիշտ հայ-քրդական սահմանի միջոցով սկսվելու է զենքի վաճառք, գրոհայինների թափանցում և, որպեսզ արդյունք, Հայաստանին սպառնալու է Հյուսիսային Իրաքի ճակատագիրը: Թուրքիայում այդ տարբերակը հաշվարկվել է մինչև մանրուքներ, բայց որքանով է դա պատկերացնում Երևանը, դժվար է ասել, քանզի Թուրքիայում տեղեկատվության արտահոսք ավելի հաճախ է լինում, քան Հայաստանում:
Ներկա պահին պետք է պահանջել ոչ թե սահմանի բացում, որն ինքնին ոչինչ չի նշանակում, ոչ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այլ անվտանգության երաշխիքներ: Իսկ քանի որ Անկարայից անվտանգություն պահանջելն անհնար է, ապա Հայաստանին մնում է հույսը դնել իր վրա:
Ցյուրիխում մեծագույն դժվարությամբ և բացարձակ լռությամբ ստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նոր էջ բացեցին ոչ միայն երկու երկրների հարաբերություններում, այլ նաև փոխեցին Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի և Վրաստանի հետ, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները՝ Վրաստանի հետ: Ավելին, նրանք կոտրեցին հայի և թուրքի վարքագծի քարացած կարծրատիպը, որը հիմա հարաբերությունների հնարավոր սառեցման կամ ջերմացման մասին խոսելուց առաջ մտածում է` ինչու ենք մենք ստորագրել այդ Արձանագրությունները, որոնք կարող են դառնալ ուղղակի հերթական, ոչնչի չպարտավորեցնող փաստաթուղթ:
Իսկ ի՞նչ է ստացել Հայաստանը ստորագրման արդյունքում, դժվար է ասել: Հիմա ավելի հետաքրքիր է այն հարցը, թե ինչ են ստացել Թուրքիան և հովանավոր-երկրները: Հազիվ թե փաստաթղթերի ստորագրումից հետո արագանա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Նույնը կարելի է ասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որը թուրք-ադրբեջանական կողմի կարծիքով Արձանագրությունները կյանքի կոչելու ճանապարհին գլխավոր խոչընդոտն է: Նույնիսկ եթե երկու երկրների խորհրդարանները վավերացնեն Արձանագրությունները, չկա ոչ մի երաշխիք, որ հարաբերությունների կարգավուրումը տեղի է ունենալու արդեն նախանշված ուղիով:
Արձանագրություններում համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին կետը և Հայաստանի կողմից դրան համաձայնություն տալը հանգեցրեց համաշխարհային հանրության ակնկալվող արձագանքին: Փաստորեն, գրիչի մի շարժումով հողին հավասարեցվեց սփյուռքի համարյա կեսդարյա աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Եվ դա արվեց հենց գերտերությունների ճնշման տակ, որոնց համար բարոյական չափանիշները զիջում են էներգետիկ շահերին: Գերտերությունները դրանում մեղավոր չեն մի պարզ պատճառով. մեծ խաղում յուրաքանչյուրն իր համար է գործում, և եթե Հայաստանը չի կարողացել պնդել իրենը, դա նրա մեղքն է և ոչ ուրիշինը: Ավելին, Արձանագրությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին գցեցին «անհարմար» դրության մեջ: Նրանից, որ մենք հիմա հայտարարում ենք, որ ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի քննարկել այդ հարցը, իսկ դա իսկապես այդպես էլ, գրեթե ոչինչ չի փոխվում: Սակայն Արձանագրություններում այդ կետը կա, ինչը Հայաստանին իրավունք է տալիս զգուշանալ, որ դրան կարող են հետևել պայմանագրի ավելի անընդունելի հոդվածներ, որոնք չեն մտել տեքստի մեջ, բայց որոնք նկատի ունեն, այն է` ղարաբաղյան հարցի լուծումը:
Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական Արձանագրությունները երկրի սահմանադրությանը համապատասխանելու մասին զգալիորեն նվազեցրեց թուրքական կողմից մանևրելու հնարավորությունը: Եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի Արձանագրությունները, ապա Անկարան կարող է լուրջ արտաքին քաղաքական խնդրի առաջ կանգնել: Իսկ դա ներքին հակամարտությունների կույտի մեջ հազիվ թե օգնի Արդարություն և զարգացում կուսակցությանը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոսել Թուրքիայի մասին որպես երկրի, որը տարաձայնություններ չունի հարևանների հետ և ավելին, խաղաղության մեջ է ապրում իր ազգային փոքրամասնությունների հետ:
Ամենայն հավանականությամբ, Հայաստանը ետ կվերցնի ստորագրությունն Արձանագրություններից, և դա բնական քայլ է անցյալ տարի գործընթացը սառեցնելու մասին հայտարարությունից հետո: Թուրքիայում ոչ մի ընտրություններ, որոնց հետ հույսեր են կապում որոշ հայ և թուրք քաղաքագետներ, առաջ չեն մղի գործընթացը մեռյալ կետից:





