AM
19 Ապրիլ 2011 - 10:59 AMT

ԱՊՀ երկրները Ծաղկաձորում քննարկել են երիտասարդությանը հուզող խնդիրներ

Ծաղկաձորում ապրիլի 18-ին և 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները: Նիստի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին նախարարը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ, որ երիտասարդության ոլորտում առկա խնդիրները բացահայտելու, քաղաքականության մշակման նպատակով հրավիրված նիստն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Կարծում եմ երիտասարդությանը հուզող խնդիրներն ընդհանուր են ԱՊՀ անդամ բոլոր երկրների համար: Հայաստանի երիտասարդության համար առաջնային են զբաղվածության և բնակարանով ապահովման խնդիրները: Այս խնդիրների լուծման ուղղությամբ մեր երկրի իշխանությունները գործնական քայլեր իրականացնում են: Արդեն մեկ տարի է, ինչ իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ընդգրկված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում երիտասարդ ընտանիքներին: Երիտասարդության ոլորտին է վերաբերվում նաև մեր նախարարության գերակա խնդիրներից մեկը. այս տարի մշակվելու է Հայաստանի երիտասարդության նոր ազգային զեկույցը և այս ժամանակահատվածում ոլորտի ամբողջական ուսումնասիրություններ են իրականացվում»:

Խուրհուրդն իր աշխատանքներն իրականացնում է 2005թ-ից: Երիտասարդների հետ` երիտասարդների համար. տարվա մեջ 2 անգամ ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության հարցերի խորհուրդը հենց այս տրամաբանությամբ է, որ հանդիպում է ու քննարկում երիտասարդությանն առնչվող բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մեր տարածաշրջանում: Երիտասարդական քաղաքականության զարգացում, նրանց միջև փոխշահավետ համագործակցութան ամրապնդում: Հայաստանում անցկացվող հերթական նիստի օրակարգում հենց այս հարցերն են: ՌԴ Սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերի փոխնախարար Օլեգ Ռոժնովի գնահատմամբ` նմանօրինակ հանդիպումները լավ հարթակ են կատարած աշխատանքն ամփոփելու և համագործակցության նոր եզրեր նախանշելու համար: Հենց համատեղ քննարկումների արդյունքում կյանքի կոչված ծրագրերն ու նախագծերն են, որոնք մեր երիտասարդների միջև շփման, փորձի փոխանակման և միմյանց առավել լավ ճանաչելու հիմք են դառնում: Առաջիկա միջոցառումների շարքն արդեն իսկ հագեցած է` ֆորումներ, մրցույթներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ: Հանդիպման ավարտին ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի նախագահ Մալիկշո Նյեմատովի գլխավորությամբ նիստի մասնակիցներն իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկի ու հայերի ջերմ հյուրընկալության մասին, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը: