AM
20 Ապրիլ 2011 - 06:13 AMT

«Ազգ». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ ապրիլի 22-ից կսկսվի թուրք-ադրբեջանական եռօրյա նստացույց

«Ազգ»-ի տվյալներով, ապրիլի 19-ին Վաշինգտոնում, PKK-ի կողմնակիցները, իսկ ապրիլի 24-ին հայերը պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջեւ:

«PKK-ի կողմնակիցները ասելով պետք է հասկանալ քրդերին, որոնք, ըստ երեւույթին, դատապարտում են 1937-38 թթ. Դերսիմում թուրքական զինված ուժերի իրագործած ջարդերը, որոնք ցեղասպանության բնույթ են կրում:

Ամերիկահայերի ցույցին թուրքական կողմը կպատասխանի դեսպանատան մայթին նախատեսվող եռօրյա նստացույցով, որպեսզի մայթը չզիջի հայ ցուցարարներին: Ըստ թուրքական կայքէջի, ԱՄՆ-ի թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունները հաղորդագրություններով, ինչպես նաեւ հնարավոր այլ միջոցներով նստացույցի են հրավիրել ամերիկաբնակ թուրքերին եւ ադրբեջանցիներին:

Նստացույցի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնել է Ամերիկայի թուրքական միությունների խորհուրդը, որի հաղորդագրության մեջ ասված է. «Ամեն տարի ապրիլի 24-ին Վաշինգտոնում հայերը Թուրքիայի դեսպանատան առջեւ այսպես կոչված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ցույց են կազմակերպում: Մենք էլ, ինչպես ամեն տարի ենք անում, այս տարի եւս կհավաքվենք դեսպանատան առջեւ եւ ցեղասպանության անհիմն պնդումների համար կդատապարտենք հայերին»: Ի դեպ, թուրք-ադրբեջանական եռօրյա նստացույցը կսկսվի ապրիլի 22-ին: Բացի նստացույցից, Ամերիկայի թուրքական միությունների խորհուրդն ապրիլի 24-ի ելույթում «ցեղասպանություն» բառը չօգտագործելու պահանջով նախագահ Օբամային դիմելու կոչ է արել Ամերիկայում բնակվող թուրքերին եւ ադրբեջանցիներին: