Ապրիլի 20-ին Մոսկվայի գրականագետների կենտրոնական տան մեծ դահլիճում տեղի է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Միջոցառումն անց է կացրել »Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ու հայ ժողովրդին ցավակցելու էին եկել Պետդումայի պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական գործիչներ:
«1915թ. իրադարձությունները չի կարելի միայն կոտորած համարել, քանի որ հայ բնակչության ոչնչացումը ծրագրվել ու իրականացվել է Օսմանյան կայսրության պետական մարմինների կողմից: Դա կատարել են թուրքերը, որոնք հայերի դարավոր հարևանները չեն: Նրանք եկել են որպես նվաճողներ, բարբարոսներ: Եվ այդ քաղաքականությունը շարունակվեց նաև Թուրքական հանրապետության հռչակումից հետո»,-ասել է Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Կիրա Լուկյանովան գտնում է, որ ՀԱԵ-ն պետք է Հայոց ցեղասպանության զոհերին դասի սրբերի շարքը: Այդ առաջարկությանը սատարել է նաև Սևծովյան և Կասպից ծովի ավազանի տարածաշրջանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:





