AM
22 Ապրիլ 2011 - 07:47 AMT

20-րդ դարի սկզբի ռուսական դիվանագիտական հեռագրերը վկայում են. Դա ցեղասպանություն էր

1915թ. մայիսի 13-ին Պետրոգրադի հեռագրական գործակալության հաղորդագրությունը: «Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում քրդերն ու թուրքերը կոտորում են հայերին, օտտոմանական իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, երբեմն էլ անմիջական աջակցության պայմաններում: Ապրիլի կեսին հայերի կոտորածներ տեղի ունեցան Էրզրումում, Դերհանում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում, ամբողջ Կիլիկիայում, ջարդի են ենթարկվել Վանի մերձակա հարյուրավոր գյուղերի բնակիչները: Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Մինչդետ Կոստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալություններ է կատարում հայ բնակչության շրջանում և անասելի հանցագործությունների դիմում նրանց նկատմամբ: Այդ նոր հանցագործությունների պատճառով, որ Թուրքիան գործում է մարդկության ու քաղաքակրթության դեմ, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Անգլիայի դաշնային կառավարությունները հրապարակավ հայտարարում են, որ այդ ոճրագործությունների համար անձամբ պատասխանատու են թուրքական կառավարության բոլոր անդամները, ինչպես նաև տեղերում նրանց այն ներկայացուցիչները, որոնք մեղսակից են կոտորածին»:

Իսկ սա արդեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Սազոնովի պաշտոնական հեռագիրն է Փարիզում և Լոնդոնում Ռուսաստանի դեսպաններ Իզվոլսկուն ու Ա. Բենկենդորֆին (թիվ 1876 1915թ. ապրիլի 12):

«Նախարարությունում նոր տեղեկություններ են ստացվել Ասիական Թուրքիայում տիրող անարխիայի ու թուրքերի ու քրդերի կողմից հայերի կոտորածների վերաբերյալ: Բարի եղեք առաջարկել ֆրանսիական ու անգլիական կառավարություններին հրապարակել այդ տեղեկությունները և այդ երկրների կառավարությունների հետ համատեղ դիմել թուրքական կառավարությանը՝ հայերի ջարդերի համար անձնական պատասխանատվությունը դնելով Նախարարների խորհրդի բոլոր անդամների վրա, ինչպես նաև այն քաղաքացիական ու զինվորական անձանց վրա, որոնք առնչություն ունեն այդ իրադարձություններին:

Դիմումի մեջ կարելի է հիշեցնել այն ռեպրեսիվ միջոցների մասին, որ ձեռնարկեց Եվրոպան 1860թ. Սիրիայում կոտորածից հետո: Անգլիական (ֆրանսիական) կառավարությունների համաձայնության դեպքում բարի եղեք համաձայնեցնել դիմումի տեքստը»: Ստամբուլում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գիրսը անընդհատ հեռագրեր էր գրում Ռուսական կայսրության ԱԳՆ՝ հայերի հանդեպ թուրքերի վայրագությունների մասին: Նույն բովանդակության հեռագրեր է ուղարկել Թուրքիայում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուն: 1916թ. Ռուսաստանում հանգանակություն է սկսվել ի նպաստ ցեղասպանությունը վերապրած հայերի, որոնց հաջողվել էր անցնել ռուս-թուրքական սահմանը: 1916թ. վերջի տվյալներով Կովկասում ապաստան գտան 373,5 հազար փախստականներ: Նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվեցին փախստականների գործերով զբաղվող բազմաթիվ կոմիտեներ, շատ բարեգործական կազմակերպություններ վերակառուցեցին իրենց գործունեությունը հայերին աջակցելու նպատակով: Կովկասի կառավարչին կից 1915թ. հոկտեմբերին ստեղծվեց Կովկասյան ռազմաճակատի լիազորի փախստականների տեղավորման հատուկ կանցելյարիա: