Ապրիլի 20-ին «Իտալիա-Հայաստան» խորհրդարական խմբի նախագահ Սանդրա Ձամպան ու փոխնախագահ Ա. Աշյուտին համապատասխանաբար Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում եւ Սենատում միաժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին եւ առաջարկել են «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարել Իտալիայում»:
Այդ հարցի վերաբերյալ տեղի են ունեցել թե ընդդիմադիր եւ թե իշխող կուսակցության պատգամավորների եւ սենատորների ելույթներ, որոնք հիմնականում դրական են արձագանքել նախաձեռնությանը: Հաշվի առնելով Իտալիայի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը` պատգամավորները շեշտել են, որ «Հայոց ցեղասպանության հարցը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարց է: Այն ուղղված չէ Թուրքիայի դեմ, այլ հակառակը օգնելու է հայ-թուրքական երկխոսությանն ու երկու ժողովուրդների միջեւ վստահության վերականգմանը»:
Նիստը նախագահող, Սենատի փոխնախագահ Վ.Կիտտին իր հերթին նշել է , որ «լռությունը այդ հարցում անթույլատրելի է եւ հայերի հետ տեղի ունեցած ողբերգության հիշատակումը կարեւոր է ապագայում չկրկնվելու եւ մարդու իրավունքների խախտումը չթույլատրելու համար», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





