AM
22 Ապրիլ 2011 - 13:33 AMT

Կյանքի է կոչվում «Զվարթնոց» ազատ տնտեսական գոտու ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Զվարթնոց» ազատ տնտեսական գոտու ծրագրի շրջանակներում կառուցվող սառնարանային համալիր, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել այս տարվա մայիս-հունիս ամիսներին:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ նախարարը շրջայց կատարեց սառնարանային` գյուղմթերքների հավաքման, սառեցման և փաթեթավորման համալիրի տարածքով, մանրամասն ծանոթացավ առկա իրավիճակին և համալիրի հնարավորություններին:

Տիգրան Դավթյանը եղավ նաև օդանավակայանի` մեկնողների համար նախատեսվող նոր սրահի շինարարության տարածքում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2011թ. սեպտեմբեր ամսին:

Այցին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել և մանրամասն քննարկել համալիրի աշխատանքների հետ կապված խնդիրներն ու ընթացիկ հարցերը: