AM
24 Ապրիլ 2011 - 07:43 AMT

Լեհաստանի հայ համայնքը գրավոր բողոք է ուղղել Թուրքիայի դեսպանատանը

Լեհաստանում բնակվող հայերը, որպես հայ ժողովրդի մի մասնիկ, միացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին: Երթը, որին մասնակցում էին հատկապես վարշավաբնակ հայերը, կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանի նախաձեռնությամբ և վարշավաբնակ Էդգար Բրոյանի օժանդակությամբ: Այս տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը համընկել է Հայոց Եղեռնի օրվան` ապրիլի 24-ին: Ուստի, Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված երթը Վարշավայում տեղի է ունեցել ապրիլի 22-ին` Հիսուս Քրիստոսի Խաչելության և կենարար Մահվան օրը:

Հայր Տաճատի հրավերին ընդառաջ` երթին իրենց մասնակցությունն են բերել նաև Լեհաստանում հայ կաթոլիկ երեք եկեղեցիները ներկայացնող հովիվներից երկուսը` Հայր Թադեոս Իսակևիչ-Զալևսկին` Գլիվիցեից, և Հայր Արթուր Ավդալյանը` Վարշավայից: Երթն ավարտվել է Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ տեղի է ունեցել Հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Այնուհետև օրվա խորհրդի հետ կապված հնչել են խոսքեր Հայր Տաճատ Ծատուրյանի, Հայր Թադեոս Իսակևիչ-Զալևսկու և Ռաֆիկ Ամիրյանի կողմից: Հավարտ վերոհիշյալ արարողության հայ ժողովուրդն իր գրավոր բողոքն է թողել Թուրքիայի դեսպանատան փոստարկղում: