2010թ. Թուրքիայի և Բրազիլիայի միջև Իրանի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում նոր փուլ սկսվեց: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը: Ըստ նրա, Վաշինգտոնի համար Իրանն է քաղաքական գերակայությունը, իսկ Անկարային Իրանի հարցը թույլ է տալիս ուժեղացնել ազդեցությունը իսլամական երկրներում: «Թուրքիան ու ԱՄՆ-ն ակտիվորեն պայքարում են այդ ընդհանուր պլատֆորմի վրա: Ահա թե ինչու է Վաշինգտոնը սահմանազատվում այն ամենից, ինչ կարող է խանգարել Անկարայի հետ հարաբերություններին: Մյուս բոլոր հարցերը ետին պլան են մղվում՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտադրության մեջ է տեղավորվում նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի քվեարկությունից հրաժարումը, Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը հակառակ Սենատի վետոյին, ԱՄՆ-ի վստահությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն և, վերջապես, Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը, որտեղ նա «ցեղասպանության» փոխարեն օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը:





