«Ալ Քաեդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացումը «հսկայական թեթևություն կբերի» աշխարհին, երկուշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Ուսամա բեն Լադենը պատասխանատու է ամենասարսափելի ահաբեկչական հարձակումների համար, որոնք երբևէ տեսել է աշխարհը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների և մեծաթիվ այլ ահաբեկչական գործողությունների համար, որոնք հազարավոր մարդկանց կյանք են խլել, որոնցից շատերը բրիտանացիներ են: Դա մեծ հաջողություն է, որ նրան գտան և որ նա չի կարող այլևս գործել»,-հայտարարել է Դևիդ Կեմերոնը:
Իր հերթին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հույս է հայտնել, որ Ուսամա բեն Լադենի ոչնչացումը մխիթարանք կլինի 2001թ. սեպտեմբերի 11-ին հարազատներին կորցրած մարդկանց համար: «Բեն Լադենի սպանությունը չի նվազեցնի ամերիկացիների տառապանքները, սակայն, դա չափազանց կարևոր հաղթանակ է մեր ժողովրդի համար»,-հայտարարել է Բլումբերգը:





