Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայի Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարի մոտ ապրիլի 30-ին կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Բուենոս Այրեսից, Բերիսոյից ժամանած և տեղի` Լա Պլատայի հայ համայնքային կառույցների 300-ից ավելի անդամներ:
Մասնակիցների թվում էին նաև Լա Պլատայի արքեպիսկոպոս Էկտոր Ագերան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան, Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Հավաքվածների առջև ելույթներով հանդես եկան Լա Պլատայի Ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Կարլոս Եսայանը, Բերիսոյի հայկական համայնքի ղեկավար Խերարդո Աբգարյանը, Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի նախկին պատգամավոր, նահանգի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործադիր տնօրեն Սերխիո Նահապետյանը, քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան:
Հանդիսությունից առաջ Մայր Տաճարում արքեպիսկոպոս Էկտոր Ագիրեն և Գիսակ արք. Մուրադյանը մատուցեցին սուրբ պատարագ:





