AM
4 Մայիս 2011 - 06:35 AMT

Հովիկ Աբրահամյանը կոչ է արել չդարձնել ԵՎՐԱՆԵՍԹ-ը անիմաստ վիճաբանությունների բեմ

Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստին մասնակցում էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վահան Հովհաննիսյանը (ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Սարգսյանը, Արտակ Զաքարյանը, Խաչիկ Հարությունյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Մելիքյանը, Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, որից հետո ելույթ ունեցան ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանների ղեկավարները:

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր խոսքում Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արևելյան գործընկերությանը և արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմնարար արժեքներին, հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը: Այդ համատեքստում Եվրոպան իր բազմազանությամբ համերաշխության հաստատման լավագույն օրինակն է:

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաև միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջև վստահության և համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության և անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաև Պրահայի հռչակագրում: Բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն և քաղաքական կամք: Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց և կանխատեսել մարտահրավերները: Այն նաև յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության և փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրախորհրդարանի և գործընկեր պետությունների խորհրդարանների միջև»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ Հայաստանը նաև կարևորում է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը:

«Ցանկանում եմ նաև հատուկ շեշտել, որ դեռևս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին: Գիտեմ, որ մեր գործընկերներից ոմանք ավելի առաջ են անցել: Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք ԵՎՐԱՆԵՍԹ-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բոլոր գործընկերները կիսում են այս մոտեցումը: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում և փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը»,- ասել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Նա հատւկ ընդգծել է, որ անցած ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովն իր հանձնառությունն է հաստատել ԵՎՐԱՆԵՍԹ-ի հետ լիարժեք համագործակցելու գործընթացում` լինելով առաջինը ազգային պատվիրակության ձևավորման և նախապատրաստական աշխատանքներին իր մասնակցությամբ: Աբրահամյանի խոսքով, հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: «Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը»,- հայտարարել է նա: