Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսին` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ այն կարևոր ներդրմանը, որ հիմնադրամը կատարում է Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ի դեմս ՀՄԿ գործադիր տնօրենի Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Միացյալ Նահանգների ժողովրդին և բարի արդյունավորում մաղթեց հիմնադրամի աշխատանքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի իր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները` դրանում մեծապես կարևորելով հոգևոր արժեքների վերականգնումը:
Պրն. Դանիել Յոհաննեսն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդյունքները:
Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրի հարցումների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությունը, անդրադարձավ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:





