AM
5 Մայիս 2011 - 05:51 AMT

ANCA. Թուրքիան սպառնալիքներով Ֆրանսիայի Սենատին ստիպեց մերժել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Ֆրանսիայում Թուրքիան հերթական անգամ սպառնալիքներով և շանտաժով արգելափակեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին բանաձևի ընդունումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Այն օրը, երբ արդարությունը պետք է հաղթանակի և ընդունվի մարդկության դեմ հանցագործության դեմ բանաձև, հետաձգվել է»,- ասել է Համբարյանը:

Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: