Մայիսի 5-ին Ստամբուլում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Կանանց համաշխարհային գագաթաժողով»-ի հանդիսավոր բացմանը և կին նախարարների մասնակցությամբ կանանց տնտեսական հզորացմանը նվիրված կլոր սեղանին:
21-րդ գագաթաժողովին մասնակցում է 82 երկրի շուրջ 1000 ներկայացուցիչ: Քաղաքական հմտությունների և ծրագրերի քննարկումներով հագեցած այս գլոբալ գագաթաժողովի նպատակն է` հնարավորություններ ստեղծել կանանց և աղջիկների համար առավել ակտիվ դերակատարություն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:
Օրվա ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնավորապես այցելեց Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց, որտեղ հանդիպեց մեր հայրենակիցներին, այնուհետև` նաև հիվանդանոցի հոգաբարձուներին:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը:
Գագաթաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 6-ին և 7-ին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կշարունակի հանդիպումները հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:





